Հին ու բարի մեր Կոնդ

Կոնդը համարվում է Երևանի հին թաղամասերից մեկը։ Անվանումը  ստացել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ Այսօր երկարացված օրվա կազմակերպիչներով եղանք հին ու բարի Կոնդ թաղամասում։ Երբ շրջում էինք Կոնդի նեղլիկ փողոցներով,  դիտում և նկարում  կիսով չափ խարխլված տները, այնպիսի զգացողություն էր տիրում, որ գտնվում էինք ինքնամփոփ, դրսի աշխարհից կտրված մեկ այլ աշխարհում, այդպես էլ չհասկացա այս տներից որոնք են բնակեցված, որոնք ոչ։ Կարծես մարդիկ և՛ ապրում էին, և՛ չէին ապրում ։  Տպավորիչ տեսարանի ականատեսը եղանք․ մի կողմից Կոնդի խորդուբորդ փողոցներն ու կիսախարխուլ տները, իսկ ընդամենը մի փողոց այն կողմ, դեմ հանդիման վեր էին խոյացել ճարտարապետական նորաոճ շինությունները։ Այդքան իրարամերժ պատկեր աչքի համար շատ անսովոր էր։ Երկու տարբեր աշխարհ։ Իրականում պետք է այդ երկու աշխարհները ձուլվեն, դառնան մեկ, չէ՞ որ նրանք կազմում են մեր սիրելի քաղաքի մասնիկները։ Կարծում եմ` այսօրվա իմ տեսած Կոնդի տխուր հմայքը միշտ կմնա հիշողությանս մեջ։

Это слайд-шоу требует JavaScript.